Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19–ին բռնկված հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած երկու զինծառայողները, որոնց վիճակը միջին ծանրության է, հնարավոր է առաջիկայում ենթարկվեն պլաստիկ վիրահատության։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կետրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

«Նրանց առողջական վիճակը գնահատվում են միջին ծանրության, բուժումը շարունակվում է, հնարավոր է մյուս շաբաթ կատարենք մաշկի պլաստիկա, այսինքն՝ մաշկալաթով փոխպատվաստում։ Մյուս զինվորի վիճակը լավ է, այսօր կամ վաղը նա դուրս կգրվի հիվանդանոցից եւ կտեղափոխվի հոսպիտալ»,- հայտնեց Կարինե Բաբայանը։

Նշենք, որ միջին ծանրության հիվանդներից մեկը կապիտան է, մյուսը՝ պարտադիր ամկետային զինծառայող։ Երրորդ զինվորը, որի առողջական վիճակը գնահատվում է լավ, հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրվանից էլ գտնվում էր հիվանդասենյակում։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի՝ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաեւ նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նախաձեռնված վարույթի շրջանակում օրեր առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել էր զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն։ Նա մեղադրվում է զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն մեղադրանքով այսօր ձերբակալվել է նաեւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս.-ն։