ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Իրանին ներգրավել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ եռակողմ շփումներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը սատարում է Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Անկարայի շահագրգռվածությունը եւ աշխատանքն այս ուղղությամբ կզարգացնի։

«Բնականաբար, այժմ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ աշխատանքներում Իրանին ներգրավելու վերաբերյալ»,- Եգիպտոսի արտգործնախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան մտնում են «Աստանայի» եռյակի մեջ, որը զբաղվում է Սիրիայում ճգնաժամի կարգավորմամբ։

«Ուստի ես տրամաբանական եմ համարում, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա շփումներին ներգրավվեն Ռուսաստանի Դաշնությունն ու Իրանը։ Ինչ վերաբերում է ժամկետներին եւ մասնակցության կոնկրետ ձեւաչափերին՝ զինվորականների, թե դիվանագետների մակարդակիով, դա դեռ քննարկվում է»,- հավելել է նախարարը։