Հայաստանում սննդամթերքի գները մասամբ նվազում են։  Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա վստահեցրեց, որ համաշխարհային շուկայում նախորդ տարվա համեմատ պարենային ապրանքների գները մասամբ նվազել են, այսինքն՝ ներկրվող ապրանքները էժանանում են։

Գալստյանը նշեց, որ դրամավարկային քաղաքականությունը շարունակվելու է խստանալ։ Սա նրա խոսքով, իր ազդեցությունը կունենա։ Որպես այլ դրական գործոններ նա անվանեց Չինաստանից բեռնարկղային փոխադրումների խնդրի ակնկալվող մեղմացումը, ինչպես նաեւ հայկական դրամի արժեւորումը։

Նա համոզմունք հայտնեց, որ ապրանքային շուկայից եկող գնաճային ճնշումը զսպվում է, այս տարի այն ավելի մեղմ է լինելու։ «Դա մասամբ պայմանավորված է փոխարժեքով, մասամբ՝ համաշխարհային շուկայի իրավիճակով»,- ասաց ԿԲ ղեկավարը։