Թեհրանում Բաքվի դեսպանատան վրա հարձակմանը, չնայած հարձակվողի խոստովանությանը, որ այդ գործողությունն իրականացվել է անձնական դրդապատճառներով, ցավոք, հաջորդել են հապճեպ մեկնաբանություններ ադրբեջանական իշխանությունների կողմից, գրում է իրանական Mehr գործակալությունը:

«Ադրբեջանի Հանրապետության որոշ պաշտոնյաների դիրքորոշումներում կիրառվող տերմինները, որոնք, ինչպես սպասվում էր, պետք է ձգտեին հանդարտեցնել մթնոլորտը, իրականում առաջացրել են լարվածության աճ եւ նոր մարտահրավերներ։

Սա այն դեպքում, երբ բոլոր ապացույցները, ներառյալ հարձակվողի խոստովանությունները, ցույց են տալիս, որ այդ գործողության շարժառիթը անձնական է եղել, ուստի կեղծ արտահայտությունների օգտագործումը, ինչպիսին է ահաբեկչական կամ ծրագրված միջադեպը, որն արվել է ադրբեջանական իշխանությունների կողմից, բացարձակապես անընդունելի է:

Բացի այդ, պայմանավորված այն հանգամանքով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին, երկիրն անմիջապես արձագանքել է միջադեպին ամենաբարձր մակարդակով եւ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վիրավորներին բուժելու, սպանված դիվանագետի հիշատակը հարգելու եւ դեսպանատան աշխատակիցների ու նրանց ընտանիքների տառապանքները մեղմելու համար:

Մյուս կողմից, հարձակվողը, իր իսկ խոստովանությամբ, մի քանի անգամ այցելել է Ադրբեջանի դեսպանատուն՝ կնոջ վիճակի մասին տեղեկանալու համար, եւ ոչ մի պատասխան չի ստացել։ Ադրբեջանի դեսպանատունը նույնպես չի պատասխանել Իրանի արտաքին գործերի նախարարության գրավոր հարցմանը՝ խնդրելով պարզել հարձակվողի կնոջ վիճակը:

Ակնկալվում էր, որ Ադրբեջանի կառավարության արձագանքն այս միջադեպին ուղղված կլինի խնդրի լուծմանը, սակայն ոչ դիվանագիտական դիրքորոշումները, որոնք կարող են օգտագործվել հակաիրանական ԶԼՄ-ների կողմից երկու երկրների միջեւ հարաբերությունները լարվածության ավելացման ուղղությամբ ուղղորդելու համար, միանշանակ կառուցողական ազդեցություն չեն ունենա:

Սա այն դեպքում, երբ չնայած Շահ Չերաղի ահաբեկչության ժամանակ մի քանի ահաբեկիչներ եւ նրանց կողմնակիցներ ադրբեջանական անձնագրեր ունեին, Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի փորձել այդ հարցը դիտարկել որպես ահաբեկիչների եւ Ադրբեջանի կառավարության միջեւ համակարգման առկայություն։   

Մյուս կողմից, Իրանից ադրբեջանցի դիվանագետների տարհանումը եւ Թեհրանում Ադրբեջանի քաղաքական առաքելության գործունեության կասեցումը, ինչը, իհարկե, չի նշանակում հարաբերությունների խզում, թեեւ չարդարացված գործողություն է, բայց ավելի շատ նման է Իրանի դեմ քարոզչական մթնոլորտ ստեղծելու փորձին։

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ողջունել է Ադրբեջանի կառավարության եւ ժողովրդի հետ ջերմ հարաբերությունները, եւ չնայած երկրի քաղաքական, անվտանգության եւ ԶԼՄ-ների հետ կապված որոշ տարաձայնություններին, խելամիտ մոտեցում է ցուցաբերում լարվածությունը կառավարելու հարցում, որպեսզի թույլ չտա վնաս հասցնել Թեհրանի եւ Բաքվի կապերին:

Չնայած Ադրբեջանի նկատմամբ Իրանի ռազմավարական քաղաքականության մեջ փոփոխությունների բացակայությանը եւ այն փաստին, որ Թեհրանը մշտապես ձգտում է բարելավել Բաքվի հետ համակողմանի հարաբերությունները, Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը պետք է սեւեռուն եւ արդարացի ուշադրություն դարձնի դեսպանատան վրա հարձակման ողբերգական միջադեպի արմատներին, պետք է ձգտի հանգստացնել իրավիճակը եւ համագործակցել ստեղծված տհաճ իրավիճակը հաղթահարելու համար, այլ ոչ թե գործել այնպես, որ սրի լարվածությունը»,-գրում է Mehr-ը։