Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն, որը գտնվում էր «Վիվամեդ» կլինիկայում, տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, հաղորդում է ընդդիմադիր Mtavari հեռուստաալիքը:

Կլինիկայից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում այս պահին չկա: Կլինիկայի ղեկավարության խոսքով՝ այս պահին նա մնում է հիվանդասենյակում։

Առավոտից նախկին նախագահի մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտնել է, որ գիշերը Միխայիլ Սաակաշվիլին կրկին կորցրել է գիտակցությունը, իսկ ջերմությունը հասել է 39 աստիճանի։ Նրա խոսքով՝ բժիշկները ցանկանում են փոխել նշանակումները։

Ավելի վաղ նախկին նախագահի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, կլինիկայում այդ ժամանակ հայտարարել էին, որ վերակենդանացման բաժանմունք տեղափոխվելու անհրաժեշտություն չկա, եւ հիվանդությունն անցնում է թեթեւ ձեւով։

Mtavari-ի տվյալներով՝ կորոնավիրուսի նոր թեստը բացասական արդյունք է ցույց տվել։

Սաակաշվիլու պատիժը հետաձգելու եւ առողջական վիճակի պատճառով ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ դատարանի հերթական նիստը նշանակված է փետրվարի 1-ին: