2022 թվականի դեկտեմբերին 12-ամսյա ինֆլյացիան շարունակել է նվազել եւ տարեվերջին կազմել է 8,3 տոկոս։ 12-ամսյա բնական ինֆլյացիան եւս նվազել է՝ կազմելով 9,5 տոկոս։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, 2022 թվականի վերջին շարունակվել է Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը։ 

Համեմատաբար ընդլայնված պահանջարկը նպաստում է ինֆլյացիոն միջավայրի պահպանմանը։ Զարգացած երկրների կենտրոնական բանկերը կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները։

2022 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում պահպանվել է բարձր ակտիվություն, որին աջակցել է ծառայությունների ոլորտում բարձր պահանջարկը։ Պահպանվել են ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտում արտահանման ներուժի ավելացման դրական միտումները։

Բարձր պահանջարկն առայժմ արտացոլվում է աշխատաշուկայում եւ նպաստում աշխատավարձերի աճին եւ առանձին ապրանքների ու ծառայությունների գների աճին։

Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա ինֆլյացիան աստիճանաբար կնվազի եւ 2023 թվականի երկրորդ կեսից կկայունանա 4 տոկոս նպատակային ցուցանիշի մակարդակում։