Հունվարի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են, և միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն:

Նախարար Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը և ինստիտուցիոնալ զարգացմանը: