Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրել է Կոռուպցիայի ընկալման ինդեքսի 2022 թվականի արդյունքները։

2022 թվականին Հայաստանի արդյունքները կազմակերպությունում մտահոգիչ են համարել, քանի որ առաջընթացի մի քանի տարիներից հետո Հայաստանի ինդեքսը զգալիորեն նվազել է նախորդ տարվա համեմատ եւ հավասար է 46-ի, ինչը 3 կետով պակաս է նախորդ երկու տարվա ցուցանիշից։

Այս ցուցանիշը վկայում է այն մասին, որ կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ խնդիր երկրի շատ ոլորտներում, հատկապես դատական համակարգի անկախության ոլորտում։

Չնայած այս անկմանը՝ Հայաստանի ցուցանիշը մնում է համաշխարհային միջին 43 միավորից բարձր։

2022 թվականին կոռուպցիայի ընկալման ինդեքսով Հայաստանը կորցրել է 5 տեղ՝ 180 երկրների շարքում հայտնվելով 63-րդ տեղում, իսկ 2021 թվականին՝ 58-րդ տեղում։

Նշվում է, որ իրավական համակարգը կիրառում է ընտրովի մոտեցում։

«Կասկածելի պետական գնումները, վիճահարույց նշանակումները եւ այլ գործողությունները կասկածներ են հարուցում հանրության մոտ, ինչը հանգեցնում է Կոռուպցիայի ընկալման ինդեքսի նվազման։ Անկումը կարող է շարունակվել»,-նշվում է զեկույցում։