Հնդկաստանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ինքնահռչակ հոգեւոր գուրու Ասարամին՝ իր երկրպագու կանանցից մեկին բռնաբարելու համար, հայտնում է ВВС-ն։

Նա մեղավոր է ճանաչվել արեւմտյան Գուջարաթ նահանգում գտնվող իր հոգեւոր ապաստարանում 2001-2006 թվականներին կնոջը բազմիցս բռնաբարելու համար:

81-ամյա բանտարկյալն այժմ ցմահ ազատազրկում է կրում 16-ամյա աղջկա բռնաբարության համար։

Նրա փաստաբանն ասել է, որ կբողոքարկի դատարանի վերջին վճիռը։

Յոգայի եւ մեդիտացիայի իր ուսմունքներով հայտնի Ասարամն ունի միլիոնավոր հետեւորդներ եւ հարյուրավոր հոգեւոր ապաստարաններ ամբողջ աշխարհում:

Գուջարաթի իշխանություններն ուժեղացրել են անվտանգությունը երեքշաբթի օրը կայացրած վճռից առաջ՝ մտավախություն ունենալով, որ գուրուի կողմնակիցները կարող են բռնության դիմել:

Մեկ օր առաջ Գանդինագարի քաղաքային դատարանը Ասարամին մեղավոր է ճանաչել Հնդկաստանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, ներառյալ բռնաբարությունը եւ մարդուն անօրինական պահելը:

Գործով վեց այլ մեղադրյալներ, այդ թվում՝ Ասարամի կինը եւ դուստրը, արդարացվել են անբավարար ապացույցների պատճառով:

Երեքշաբթի օրը դատարանը Ասարամին տուգանել է 23 000 ռուփիով (281 դոլար) եւ պարտավորեցրել է նրան տուժողին 50 000 ռուփի փոխհատուցում վճարել։

Սեռական ոտնձգությունների մեղադրանքների մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2013 թվականին, երբ մի կին բողոք է ներկայացրել գուրուի դեմ: