Ֆրանսիան երեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինա կուղարկի լրացուցիչ 12 Ceasar հաուբից եւ քննարկել է ուկրաինացի օդաչուներին ֆրանսիական կործանիչները կառավարելու ուսուցման հնարավորությունը՝ Կիեւին ռազմական օգնության շրջանակում, հաղորդում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Փարիզում իր ուկրաինացի գործընկեր Ալեքսեյ Ռեզնիկովի հետ հանդիպումից հետո՝ պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն ասել է, որ Ֆրանսիան նաեւ 150 զինծառայող կուղարկի Լեհաստան՝ այնտեղ ամսական մինչեւ 600 ուկրաինացի զինվոր վերապատրաստելու համար։ 

Փարիզն արդեն Կիեւին մատակարարել է 18 Ceasar հաուբից։ Լրացուցիչ 12 հաուբիցները կֆինանսավորվեն 200 մլն եվրոյի (217 մլն դոլար) չափով հիմնադրամից, որը հավանության է արժանացել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից, ասել է Լեկորնյուն։

«Ուկրաինային զենք մատակարարելու հարցում Ֆրանսիայի դիրքորոշումն այն է, որ այն չպետք է թուլացնի Ֆրանսիայի պաշտպանունակությունը, որ այն պետք է օգտակար եւ գործնական լինի, որպեսզի օգնի Կիեւին Ռուսաստանի հետ պատերազմում, եւ որ զենքը պետք է օգտագործվի Ուկրաինայի կողմից միայն ինքնապաշտպանության համար»,-ասել է նա։

«Ուկրաինացի օդաչուներին կործանիչների կառավարման ուսուցումը մեր քննարկումների մի մասն է եղել, սակայն այդ հարցի վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել»,-հավելել է Լեկորնյուն: