ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի նկատմամբ պաղեստինյան դիրքորոշումը «հույսի նեղացող հորիզոն» է անվանել։

Բլինքենի խոսքով՝ նախ պետք է քայլեր ձեռնարկվեն լարվածությունը թուլացնելու, բռնությանը վերջ դնելու, լարվածությունը նվազեցնելու եւ ապագայում ավելի դրական գործողությունների հիմքեր ստեղծելու համար:

«Սրանք անհրաժեշտ առաջին քայլերն են, բայց դրանք նույնպես բավարար չեն։ Կարեւոր է նաեւ շարունակել ձգտել ոչ միայն նվազեցնել բռնությունը, այլ նաեւ ապահովել, որ իսրայելցիներն ու պաղեստինցիները ի վերջո օգտվեն նույն իրավունքներից եւ հնարավորություններից: Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք պաղեստինյան կողմից, հույսի նեղացող հորիզոն է, ոչ թե ընդարձակվող, եւ սա նույնպես, մեր կարծիքով, պետք է փոխվի: Ես գնահատում եմ նաեւ, պարոն նախագահ, ձեր հետեւողական եւ վճռական դիրքորոշումն ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա նաեւ հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները աշխատում է ամրապնդել իր հարաբերությունները Պաղեստինի ժողովրդի հետ՝ օրինակ բերելով UNRWA-ի (Պաղեստինյան փախստականների օգնության եւ աշխատանքների կազմակերպման մերձավորարեւելյան գործակալություն - խմբ.) շրջանակներում տրամադրված աջակցությունը։

Գործակալության գործունեության շրջանակում ԱՄՆ-ը մոտ 890 միլիոն դոլար է տրամադրել պաղեստինցիներին ամեն ինչի համար՝ սննդից եւ պատվաստանյութերից մինչեւ փախստականներին աջակցություն, կրթություն եւ այլ ոլորտներ, ասել է Բլինքենը:

«Եվ այսօր կարող եմ հայտարարել, որ եւս 50 միլիոն դոլար կտրամադրենք UNRWA-ին։ Հուլիսին նախագահ Բայդենն իր այցի ժամանակ եւս 100 միլիոն դոլար է տվել Արեւելյան Երուսաղեմի հիվանդանոցային ցանցին։ Մենք նաեւ համաձայնության ենք հասել պաղեստինցիներին 4G կապով ապահովելու վերաբերյալ, եւ մենք աշխատում ենք դրա իրականացման վրա։

Նախագահը նաեւ նշանակել է Հադի Ամրին, որն այսօր մեզ հետ է, որպես Պաղեստինի հարցերով մեր առաջին ներկայացուցիչ։ Եվ միեւնույն ժամանակ մենք կշարունակենք աշխատանքը Երուսաղեմում մեր հյուպատոսության վերաբացման ուղղությամբ»,- ասել է նա։

«Այս բոլոր քայլերը վերականգնելու երկարաժամկետ ձգտումների մի մասն են, բայց ոչ միայն մեր հարաբերությունները վերականգնելու, այլ վերակառուցելու, ինչպես ասացի, պաղեստինյան ժողովրդի եւ Պաղեստինի վարչակազմի հետ: Եվ դա մեզ հնարավորություն կտա ավելի արդյունավետ աշխատել նպատակին հասնելու համար, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները իրենց կյանքում հավասար չափով օգտվեն ժողովրդավարությունից, հնարավորություններից եւ արժանապատվությունից: Մենք կարծում ենք, որ դրան կարելի է հասնել երկու պետությունների ստեղծման միջոցով։ Նախագահ Բայդենը հավատարիմ է մնում այս նպատակին»,- հավելել է Էնթոնի Բլինքենը: