«Մալաթիա» տոնավաճառում աշխատում է 600-700 մարդ, այստեղ աշխատում ենք 30 տարի, շատ գոհ ենք մեր տնօրենից. Բոլորս պարտքերի տակ ենք, պահում ենք մեր ընտանիքները, բայց հիմա փակում են, մեզ թույլ չեն տալիս աշխատել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, «Մալաթիա» տոնավաճառի տարածքում բողոքի ակցիայի ժամանակ նշեց տոնավաճառի աշխատակիցներից մեկը:

«Սա ոչ թե շուկա է, այլ մեր ընտանիքն է, մենք 30 տարի իրար հետ աշխատում ենք: Էստեղ անասնագոմ է եղել, մեր փողերով է կառուցվել տոնավաճառը:

Եթե հարցը հրդեհային անվտանգությունն է, ժամանակ տվեք, միթե՞ սա չի կարելի կարգավորել: Մեզ ժամանակ տվեք, որ կարգավորենք իրավիճակը, եթե ինչ-որ բան այն չէ: Այստեղ կապրիզի հարց չէ: Թող մի քիչ էլ ժամանակ տան:

Մեզ մոտ սեզոնային ապրանքներ են, ամեն օրը նշանակություն ունի: Եթե այս տարի չվաճառենք, հաջորդ տարի էլ չի վաճառվելու այդ ապրանքը: Եթե, ասենք, էլեկտրոցանցից եկել են ձեր տուն եւ ինչ-որ բան այն չէ, քեզ տնից դուրս չեն շպրտում, այլ պահանջում են կարգավորել»,-ասաց նա:

Աշխատակից կինը նաեւ դիմեց երկրի վարչապետին. «Պարոն վարչապետ, պարոն Մարուքյան, պարոն Բաբաջանյան, դուք ընտրությունների ժամանակ եկաք շուկա, մենք ձեզ լսեցինք, մենք ձեզ ընտրել ենք, եկեք սրա պատասխանը տվեք: Մենք պահանջում ենք գալ այստեղ: Երբ դուք նեղն եք ընկնում, ասում եք՝ ժողովուրդը մեր թիկունքին է: Հիմա էլ դուք եկեք կանգնեք մեր թիկունքին»:
Մեկ ուրիշն էլ նշեց, որ իրականում հակահրդեհային անվտանգության առումով տոնավաճառին ներկայացված 7 պահանջներից 10-12-ը կատարված է. «Թող 2-3 ամիս ժամանակ տան, մնացած պահանջներն էլ կատարեն, ոչ թե փակեն տոնավաճառը»:

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցներն այսօր՝ փետրվարի 1-ին հավաքվել են տոնավաճառի տարածքում եւ բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են տոնավաճառը փակելու որոշման դեմ: 

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

Ավելի վաղ տոնավաճառի սեփականատեր եւ տնօրեն Սամվել Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. «Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը: