Իրանի 21-ամյա բնակչուհին եւ նրա 22-ամյա փեսացուն 10 տարվա ազատազրկման են դատապարտվել սոցիալական ցանցերում տեղադրված հոլովակի համար, որտեղ նրանք պարում Ազադի աշտարակի մոտ, որը Իրանի մայրաքաղաքի խորհրդանիշն է եւ առավել հայտնի որպես «Թեհրանի դարպասներ»։

Հաղորդվում է, որ Աստիաժ Հագիգին եւ Ամիր Մոհամմադ Ահմադին մեղավոր են ճանաչվել «բարոյալքումը խրախուսելու եւ հրապարակային մարմնավաճառության», ինչպես նաեւ «ազգային անվտանգության խախտման նպատակով հավաք անցկացնելու» մեջ։

Նրանց ռոմանտիկ պարով տեսանյութը հրապարակվել է Instagram-ում եւ միլիոնավոր դիտումներ է հավաքել։ Հագիգին եւ Ահմադին երկրում հայտնի բլոգերներ են, նրանք բազմաթիվ հետեւորդներ ունեն։

Վերջին ամիսներին Իրանի իշխանությունները շարունակում են հետապնդել մարդկանց, որոնց համարում են կանանց իրավունքների պաշտպանության արշավի մասնակից։

Զանգվածային ելույթներն սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերին 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո, որը ձերբակալվել էր բարքերի իսլամական ոստիկանության կողմից հիջաբ սխալ կրելու համար եւ մահացել էր ոստիկանական բաժանմունքում գտնվելու ժամանակ: Մահսայի ազգականներն ու նրա ձերբակալության ականատեսները պնդում են, որ նրան ծեծի են ենթարկել։

Չնայած ելույթների պատճառը Ամինիի մահն էր, նրանց մասնակիցները ոչ միայն պաշտպանում էին կանանց իրավունքները, այլեւ ավելի լայն քաղաքական պահանջներ էին ներկայացնում: Իրանի շատ բնակիչներ դժգոհ են աղքատությունից, գործազրկությունից, կոռուպցիայից եւ արդարադատության բացակայությունից։

Սակայն պարային հոլովակը որեւէ քաղաքական կոչ չի պարունակել, զույգը այն չի կապել Ամինիին սատարող ցույցերի հետ։

Սակայն Հագիգին հոլովակում հիջաբ չի կրել, ինչն արգելված է Իրանում գործող իսլամական կանոններով։ Երկրում կանանց արգելվում է նաեւ պարել հանրության առջեւ, առավել եւս՝ տղամարդու հետ։