Հիմա գնում ենք ՔՏՀԱ տեսչական մարմին, այնտեղ երկար բանակցություններ են գնալու. Ամեն ինչ տարվում է նրան, որ մենք աշխատենք ամենաշատը երեք օր հետո: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Մալաթիա» տոնավաճառի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց աշխատակիցներից մեկը, որը մասնակցել էր տոնավաճառի տնօրենի եւ ՔՏՀԱ տեսչական մարմնի ներկայացուցիչների հանդիպմանը:

«Սխլ է զեկուցվել տեսրական մարմնի ղեկավարին, երեկ իրենք եկել, տեսել են, շատ հարցեր կան, որ առաջվա պես չի: Հիմա գնում են տեսչական մարմնի ղեկավարի հետ խոսելու, որ ինչ մանրուք կա, երեք օրվա մեջ անենք, դրանից հետո տնօրենին որ ասել են՝ մեր պատկերացմամբ անհնարին բաներ են, դա էլ աշխատանքի հետ համատեղ սարքվելու է: Կարող է մի շարքը երեք օր չաշխատի, հետո անցնեն հաջորդ շարքին»,-ասաց նա:

Մեկ ուրիշն էլ հավելեց, որ տեսչական մարմնի ղեկավարին սխալ զեկուցել են, որ ոչ մի բան արված չի. «Հետո եկել են, տեսել են, որ մեկ տարվա ընթացքում բավականին բաներ կատարված են, 80 տոկոսն արված է: Հիմա գնում ենք տեսչական մարմին»:

Տոնավաճառի աշխատակիցները միաբերան պնդեցին, որ իրենք համաձայն են երեք օր չաշխատել, հետո անցնել աշխատանքի:

Նշենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից՝ փետրվարի 1-ից փակվում է:

Տոնավաճառի տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:

Ավելի վաղ տոնավաճառի սեփականատեր եւ տնօրեն Սամվել Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ դեռ հոկտեմբերին այցելել են, 17 խախտում են արձանագրել, որից 12-ը վերացված է. «Կան խախտումներ, որոնք վերացնել անհնար է, օրինակ, շինություններից 8 մետր հեռավորության վրա պետք է լինի: Բոլորը խախտումները վերաբերում են հրդեհային անվտանգությանը: