Ադրբեջանում անուղղակիորեն ընդունել են Արցախի Հանրապետության շրջափակումը եւ փորձել մեղադրել ռուս խաղաղապահներին հանրապետությանը վառելիքով ապահովելու մեջ։

Ադրբեջանի կառավարամետ haqqin.az պարբերականը հրապարակել է այն «հետազոտության» արդյունքները, որի համաձայն՝ «բնապահպանների» ակցիան սկսվելուց մեկ ամիս առաջ Հայաստանից Ստեփանակերտ վառելիք է տեղափոխել միջինը 9-15 մեքենա, հունվարին՝ մոտ չորս անգամ ավելի՝ վառելիք տեղափոխող 58 մեքենա։

«Նշված թվերը հիմք են տալիս ենթադրելու, որ ղարաբաղցի անջատողականների վառելիքի պահանջմունքն ապահովվում է ի հաշիվ ռուս խաղաղապահների զորակազմի, եւ ասելու, որ վառելիքի հետ կապված խնդիրներ չկան»,- նշել է պարբերականը։

Այսպիսով, Բաքվում հաստատել են, որ Լաչինի միջանցքն արգելափակված է, եւ վառելիքը Արցախի Հանրապետություն կարող է հասցվել բացառապես ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով։