ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։

Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ, որպես շրջանառվող փաստաթուղթ հիմք է ընդունվել հայտարարության այն տեքստը, որը Լաչինի միջանցքի փակելուց անմիջապես հետո ընդդիմությունը ԱԺ-ում դրեց շրջանառության մեջ. «Բայց ինչպես շատ հաճախ է պտահում, իշխող խմբակցությունը դեմ քվեարկեց, իր տարբերակն առաջարկեց, որը, մեր գնահատմամբ, սարսափելի անատամ տարբերակ էր: Հիմա լսումների հիմքում դրվել է մեր այդ հայտարարության նախագիծը»,-ասաց նա:

Հարցին, թե իշխանությունից ինչ-որ մարդիկ հրավիրվա՞ծ են այդ լսումներին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց, որ ըստ կանոնակարգի, խորհրդարանական լսումները բաց են ԱԺ բոլոր պատգամավորների համար, պետք է ակնկալել իշխող խմբակցության պատգամավորների ներկայությունը, քանի որ օրախնդիր հարց է։

«Պաշտոնապես ԱԺ ղեկավարությանը փոխանցվել է, որ ցանկալի է  Սուրեն Պապիկյանի ներկայությունը որպես նաև հարակից զեկուցող, քանի որ խոսքը օրախնդրի հարցին է վերաբերում։ Մեզ համար շատ կարևոր է հարցի քննարկումը, ոչ թե հարցը լոկ արծարածելը։ Դրա համար նույնիսկ պատրաստականություն ենք հայտնել, եթե անհրաժեշտություն լինի, քանի որ կան անվտանգային տարրեր, թեկուզ փակ նիստում լինի այդ քննարկումը»,- նշեց նա։

Հարցին՝ կարծում է իշխանությանը հետաքրքրո՞ւմ է  Լաչինի հարցը, քանի որ տեսնում են տոտալ անտարբերություն, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Իրականում գործողությունները, որոնք իշխանությունը նախաձեռնում է, սարսափելի թերի է, իշխանությունը չի օգտագործում այն բոլոր գործիքակազմերը, որոնք ունի և այն թեզը, որ շրջանառում է  իշխանությունը, թե Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ  չեն բանակցում, շատ ավելի նեղ կացության մեջ է  դնում Արցախի Հանրապետությանը, դա մղում է Արցախի իշխանություններին ոչ հավասար պայմաններում բանակցել Ադրբեջանի հետ։ Այս առումով, իրոք, իշխանությունների գոծողությունները խիստ վտանգավոր են, բայց նաև իշխանությունների վրա հանրային ճնշումը ստիպում է որոշակի, առնվազն հանրությանը մի քիչ ավելի հանգստացնող քայլեր ձեռնարկել։

Անցնող 50 օրերի  ընթացքում ամենամեծ վտանգավորությունն իշխանության այն թեզն է, որ  Լաչինի միջացքի բացելու պատասխանատուն ռուսական կողմն է և ռուս խաղաղապահները, թեև  նոյեմբերի 9-ի հայտարարության տակ դրված է  երեք երկրների, այդ թվում Հայաստանի ստորագրությունը և  Հայաստանի իշխանությունը Լաչինի միջանցքը բացելու հետ կապված ունի հավասարազոր պարտականություն»։