Եթե այս իշխանություններին թողնենք, Սփյուռքի բոլոր մեր հայրենակիցներին, որոնք որեւէ թթու խոսք են ասել, իրենց մուտքը կարգելի, ավելին՝ կփորձի արտաքսել Հայաստանից բոլոր այն քաղաքացիներին, որոնք  այս իշխանությունների դեմ են: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝անդրադառնալով նրան, որ օրերս Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի  «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը:

«Տոտալ անհանդուրժողականություն կա, ուղղակի շարքային դաշնակցականների նկատմամբ դա սահման չի ճանաչում, եւ այս առումով նաեւ կուզեմ մատնանշել, որ իշխանությունը դա սարսափելի տմարդի ու գաղտագողի է անում: Պարբերաբար փորձ է արչվում ասել՝ լավ, հրապարակեք ցանկն այն քաղաքացիների, որոնց մուտքը Հայաստան արգելված է: Դա էլ չեն անում: Մեր քաղաքացիներից մի քանիսը, որոնց մուտքը ՀՀ արգելված է, միշտ վերջին պահին են անդրադառնում: Բոլոր այն անձինք, որոնց մուտքը ՀՀ արգելված է, նրանք իրենց համայնքներում, եւ Ֆրանսիայում, եւ Հոլանդիայում, ամենաակտիվ հայկական շահը առաջ տանող պայքարի առաջամարտիկներ են: Նրանք պետք է ավելի շատ լինելին Ադրբեջանի ու Թուրքիայի աչքի փուշը, քան թե Հայաստանի համար ոչ ցանկալի անձ»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

Ավելի վաղ MEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ՀՅԴ հայտարարության, «առանց որևէ պատճառաբանության` այս անգամ Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի  «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ ընկեր Նժդեհ Գարագավորյանը»:

Առանց որևէ պատճառաբանության արգելվել է ՀՅԴ-ական Նժդեհ Գարագավորյանի մուտքը Հայաստան