Մոսկվայի Բասմանյան դատարանն ընդհանուր ռեժիմի գաղութում 8 տարվա ազատազրկման է դատապարտել լրագրող Ալեքսանդր Նեւզորովին՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Զինված ուժերի գործողությունների մասին ֆեյքեր տարածելու գործով։

Դատարանը Նեւզորովին նաեւ լրացուցիչ պատիժ է նշանակել՝ արգելելով չորս տարվա ընթացքում տնօրինել կայքեր եւ այլ ինտերնետ-ռեսուրսներ։

Ինչպես տեղեկացրել է Business FM-ը, նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Զինված ուժերը քաղաքական, գաղափարական ատելության կամ թշնամանքի դրդապատճառներով օգտագործելու մասին ակնհայտ կեղծ տեղեկությունը հանրայնորեն տարածելու մեջ (ՌԴ Քր.օր. մաս 2-րդ, հոդված 207.3, «դ» կետ)։

Քրեական գործ հարուցելու առիթ են ծառայել Նեւզորովի՝ մարտի 9-ին եւ 19-ին սոցցանցերում կեղծ (ինչպես կարծում է քննությունը) տեղեկությունների հրապարակումները ռուս զինվորականների կողմից Մարիուպոլի ծննդատան միտումնավոր հրետակոծությունների եւ Բուչայի խաղաղ բնակիչների սպանությունների մասին։