Մեր բանակը բավական լուրջ պարտություն է կրել եւ դա բարոյահոգեբանական վիճակի վրա մեծ ազդեցություն է գործել: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ոչ միայն բանակի, այլ բոլորիս վրա, բայց պետք է ամեն ինչ անել, որ այդ վիճակը, այդ ճնշումը չազդի մեր առաջընթացի ու բանակի վրա:

Նաեւ պետք է ասեմ, որ սեպտեմբերյան դեպքերից հետո բանակի բարոյահոգեբանական վիճակը անկում չի ապրել, այլ հակառակը՝ աճել է: Ես տեսել եմ, որ զինվորականների բարոյահոգեբանական վիճակը շատ ավելի լավ է, քան 44-օրյայում: Բանակն իր ուժերի վրա ավելի շատ է վստահ, քան 44-օրյա պատերազմից հետո»,- ասաց նա:

Հարցին՝ բանակը պատրա՞ստ է դիմագրավել էսկալացիային՝ արձագանքեց.«Պետք է թեթև վերլուծություն անենք՝ ինչքա՞ն տարածք ունենք, ինչքա՞ն բնակչություն ունենք, տնտեսական ի՞նչ միջոցներ ու ռեսուրսներ ունի Հայաստանը, ի՞նչ կորուստներ ենք ունեցել և, ամենակարևորը, ո՞ւմ հետ է էսկալացիան լինելու՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ այլ երկրների»:

Նա վստահեցրեց՝ մի շարք խնդիրներ մեր բանակը ի զորու է ի կատար ածել. «Բայց մեր ուժերն, իհարկե, չեն բավականացնի, նշածս երկրների հետ լայնածաված ռազմական գործողությունների մեջ մտնելու համար, սա պարզից էլ պարզ է: Դրա համար պետք է ունենանք յուրահատուկ պրոֆեսիոնալ բանակ: Այս հարցում պետք է 1-2 քայլ առաջ անցնենք, որպեսզի այս ոչ անսպառ ռեսուրսներով կարողանանք դիմակայել»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը: