Ուկրաինայի անվտանգության ծառայությունը եւ տնտեսական անվտանգության բյուրոն խուզարկություն են իրականացնում գործարար Իգոր Կոլոմոյսկու տանը, հաղորդում են «Страна», «Украинская правда», РБК-Украина եւ ուկրաինական այլ պարբերականների աղբյուրները։

Հաղորդվում է, որ խուզարկությունը կապված է «Ուկրնավթի» եւ «Ուկրթաթնավթի» շուրջ ենթադրյալ մեքենայությունների հետաքննության հետ: Խոսքը  40 միլիարդ գրիվեն նավթամթերքների վատնման եւ մաքսային վճարների վճարումից խուսափելու մասին է։

«Ուկրնավթն» արտադրում Է Ուկրաինայի նավթի 90 տոկոսը եւ հանդիսանում է բենզալցակայանների խոշորագույն սեփականատերերից մեկը։ «Ուկրթաթնավթն» ունի երկրի ամենամեծ նավթավերամշակման գործարանը, որը գտնվում է Կրեմենչուգում (դադարեցվել է պատերազմի սկսվելուց անմիջապես հետո ՝ հրետակոծությունից վնասների պատճառով):

Իգոր Կոլոմոյսկին նախկինում եղել է երկու ընկերությունների համասեփականատեր, սակայն 2022 թվականի նոյեմբերին դրանք ազգայնացվել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա բացատրել է «պաշտպանության ոլորտի հրատապ կարիքները ապահովելու» անհրաժեշտությամբ։ Կոլոմոյսկին ազգայնացումից հետո դադարել է դոլարային միլիարդատեր համարվել, գրում է ուկրաինական Forbes-ը։