ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ հետագա ծրագրերի առաջխաղացման և զարգացման նպատակով:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը և հիմնադրամի գործընկեր, Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, դեսպանության ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է մասնագիտական կրթության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցության ամրապնդմանն ուղղված հուշագրի կնքումը` վստահություն հայտնելով, որ այն կնպաստի ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետությանը:

«Արդեն հաստատվել է ՀՀ  կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ռազմավարական ծրագիրը, որտեղ առանձին և շատ կարևոր մասնաբաժին ունեն հենց մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված գործողությունները: Այս համատեքստում նախատեսում ենք ունենալ ռեսուրս կենտրոններ, հանրապետական նշանակության քոլեջներ և այս գործընթացի շրջանակում կարևորում ենք ֆրանս-հայկական քոլեջի կարողությունների զարգացումն ու նոր հնարավորությունների ընձեռումը»,- նշել է նախարարի տեղակալը:

Շնորհավորելով հուշագրի կնքման կապակցությամբ՝ նա կարևորել է մարզային կառույցների ակտիվացմանն ուղղված գործընթացը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ Հայաստանի մարզային ուսումնական հաստատությունների կապն ինչպես Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, այնպես էլ Ֆրանսիայում գործող ուսումնական կենտրոնների հետ նոր մասնագիտություններ ներդնելու և առկա մասնագիտությունները զարգացնելու հնարավորություն կընձեռի:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի զարգացման նպատակով նախատեսվում է Երևանում ստեղծել Արհեստների կամպուս, որտեղ կիրականացվեն փորձարարական նոր կրթական ծրագրեր՝ զարգացնելով հատկապես աշխատանքի վրա հիմնված կրթությունը և մեծահասակների կրթությունը: Նախատեսվում է, որ այն կդառնա մասնագիտական կրթության ռեսուրս կենտրոն: Արհեստների կամպուսի ստեղծման ծրագիրն արդեն հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզն ընդգծել է՝ այս հուշագրի կնքումն հետագայում կոնկրետ քայլեր իրականացնելու հնարավորություն է ստեղծում:

«Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մեծ առաքելություն ենք կատարել Հայաստանի մարզերում. անցել ենք 1600 կմ-ից ավելի ճանապարհ, այցելել ենք 15 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, եղել ենք Հայաստանի 2 մարզպետարաններում և 5 քաղաքապետարաններում: Այս հուշագրով այնպիսի նպատակներ են սահմանված, որոնք մենք միասին պետք է իրագործենք»,- ասել է Քրիստիան Դրոզը՝ հուշագրի կնքումը կարևորելով նաև Երևանի և Լիոնի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում:

Հիմնադրամի զարգացման ծրագրով նախատեսվում է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը, կանանց դերի բարձրացմանը տնտեսության մեջ, ինչպես նաև ներառել սոցիալական կյանքի բաղադրիչ համայնքի համար:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը նշել է, որ  ստեղծվելիք կամպուսի գործունեության կարևոր ուղղությունը Հայաստանի մարզերում լավագույն փորձի տարածումն է լինելու` պետական և մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ: Կողմերն արդեն իսկ համագործակցության հեռանկարներ են նախանշել Ալավերդու ուսումնարանի և Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի հետ՝ տարբեր մասնագիտությունների գծով փոխանակման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հաստատություններ, մասնավորապես Դեբետի ՔՈԱՖ կենտրոն, Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, որտեղ արհեստների զարգացման հեռանկարներ կան: Գոհար Գրիգորյանի խոսքով՝ համագործակցության ավելի լայն շրջանակ են նախատեսվում ԵՄ «Erasmus+» փոխանակման ծրագրի շրջանակում:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ևս իր լիակատար աջակցությունն է հայտնել  նախաձեռնությանը` նշելով, որ այն համահունչ է ֆրանկոֆոնիայի տարածմանը. «Ծրագրի իրականացումը կարևորություն ունի ինչպես ֆրանս-հայկական  կրթամշակութային, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների համագործակցության շրջանակում: Սա մեծ թվով երիտասարդների թույլ կտա ավելի մոտենալ Ֆրանսիային, կնպաստի նաև ֆրանսերենի կիրառմանը և առավել տարածմանը»: