Ես չեմ բացառում վարկածը, որ զինվորների կացարանի հրդեհի դեպքի հետ կապված կարող են միջնանձնային լարված խնդիրներ եղած լինել, որովհետեւ մի տեղ, որտեղ 30-40-50 տղաներ են ծառայում, կենցաղավարում, այնտեղ խնդիրներ հաստատ կլինեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտրկմանը, որ զոհված զինվորների ծնողներից ոմանք պնդում են, որ զինվորների միջեւ միջանձնային լարված հարաբերություններ են եղել:

«Հատկապես, եթե հաշվի առնենք, թե այդտեղ հավաքվածները ինչ դաստիարակություն ունեն, ինչ սոցիալական խմբերից են դուրս եկել, այս ամենը բերում է խնդիրների: Իհարկե, հրամանատարի խնդիրն է բոլորը հարթել եւ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ միջանձնային վատ հարաբերություններ չլինեն:

Ասել, որ ամեն բան շատ հարթ է, ստորաբաժանումներում զինվորները միմյանց հետ շնորհակալությունով կամ փաղաքշական բառերով են խոսում, իհարկե, այդպես չէ: Բանակը մի տեղ է, որտեղ միջանձնային հարաբերություններում խնդիրներ լինում են, որովհետեւ այդտեղ տղաներ են ծառայում: Բայդ այդ հարաբերությունները պետք է սահման ունենան եւ չպետք է վերածվեն  այնպիսի վիճակի, որն առաջացնի հանցագործություններ, կամ այնպիսի մթնոլորտ լինի, որ զինվորները չուզենան ծառայել:

Ես վստահ եմ, որ քննչական մարմինները զբաղվում են այս հարցով՝ թիրախավորելով նաեւ այդ խնդիրը: Արդյունքները կլուսաբանվեն հանրությանը: Լավ բանակ ունենալու համար պետք է ունենանք լավ դպրոց, լավ դաստիարակված սերունդ, էլ չասեմ բարձրագույն կրթության մասին»,-ասաց պատգամավորը:

Հարցին, թե արդյոք 44-օրյա պատերազմից հետո բանակում չեն ավելացել միջանձնային հարաբերություններով պայմանավորված դեպքերը, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Որպես վիճակագրություն չեմ կարող ներկայացնել, թե ինչքան է թիվն ավելացել, կամ պակասել, բայց ասեմ, որ մեր զինվորների զգալի մասը մասնակցել է 44-օրյա պատերազմին եւ անձնվիրաբար կռվել է: Այդ ամենը հետք է թողնում նրանք հոգեբանության վրա: Երբեմն այդ հետքը բացասական ազդեցություն է ունենում, մարդիկ, ավելի հուզական են դառնում եւ այլն: Սրա հետ կապված, այո, կարող են որոշակի խնդիրներ եղած լինեն:

Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց,  ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության  սպան, հանդիսանալով նստեցման շրջանի  պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:

Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:

Հրդեհի հետևանքով նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

15 զինվորի մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը։

Նույն գործի շրջանակներում կալանավորվել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս-ն: