Այսօր՝ փետրվարի 1-ին, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին:

ՀՀ ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, առանձնահատուկ ընդգծել է Հայաստանի և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարությունների միջև երկարամյա համագործակցությունը, հատկապես՝ հանրային ֆինանսների կառավարման ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը:

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ՀՀ ֆինանսների նախարարին և շնորհավորել նրան այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ և բարձր են գնահատել համագործակցային աշխատանքն ու պատրաստակամություն հայտնել խորացնել այն: