Ցանկացած ոստիկան ծառայության ժամանակ կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել. եթե հարցը վերաբերում է հասարակական կարգի պահպանմանը, նա ինքնուրույն որոշումներ է կայացնում: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ոստիկաններից ոմանց պնդմանը, թե սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելու հրաման չի եղել, իրենք գործել են ինքնուրույն:

«Օրինակ, ոստիկանը ամեն տրանսպորտային միջոց կանգնեցնելուց, կամ ամեն մի իրավախախտի ձեռքը բռնելուց եւ արձանագրություն կազմելուց առաջ չի զանգում իր հրամանատարին, նա էլ մինչեւ ոստիկանապետ: Նրանք չեն սպասում հրամանի, ցանկացած ոստիկան կարող է ինքնուրույն որոշում կայացնել:

Այո, նաեւ լինում են կարգադրություններ, հրամաններ, ցուցումներ, որոնք տրվում են նախօրոք ծառայության կազմակերպման մասով: Ես չեմ կարող ասել, թե տվյալ դեպքում ինչ հրահանգներ են եղել կամ չեն եղել:

Եթե եղել է հրաման եւ մենք այդ հրամանի մեջ տեսնում ենք ոչ իրավաչափ վարքագիծ ոստիկանների կողմից, եւս առաջարկում եմ ծառայողական քննության կարգով դա ուսումնասիրվի ու պարզի՝ արդյոք այդ գործողություններն իրավաչափ են, թե ոչ: Եթե նրանք հրաման են ստացել, արդյոք հրաման տվողի հրամաններն իրավաչափ են, թե ոչ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե գուցե ճիշտն այն կլինի, որ երկրի վարչապետը չգնա «Եռաբլուր» եւ այդ լարվածությունը չառաջանա, Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Որ հետո էլ լրատվամիջոցները գրեն, որ վարչապետը մի անգամ չի այցելում «Եռաբլուր»: Ոչ, երկրի քաղաքական ղեկավարն ինքն է որոշում՝ որտեղ գնա եւ ինչպես գնա: Եթե հասարակական կարգի խախտում է տեղի ունենում, օրենքը պետք է պահպանվի: Իհարկե, հասկանալի է մեր ծնողների հուզական վիճակը եւ դա պետք է հաշվի առնվի, բայց հատկապես «Եռաբլուրում» ես ընդունելի չեմ համարում, որ պետք է հասարակական կարգ խախտվի, խուլիգանական դրսեւորումներ իրականացվեն»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» պանթեոնում ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին: Քրգործ է հարուցվել, տեղի են ունեցել առերեսումներ: Մասնավորապես, այսօր զոհված զինծառայողների ծնողները առերեսվել են կարմիրբերետավորների հրամանատարի հետ: