Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Նախարար Գրիգոր Մինասյանը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումները:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որի համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանությանը և Նիդերլանդների հելսինկյան կոմիտեին քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների նոր ռազմավարության մշակման աշխատանքներում ցուցաբերած գործուն աջակցության համար: Նախարարն ընդգծել է, որ նոր ռազմավարությունը քննարկվել է շահագրգիռ կառույցների հետ և ներկայումս լրամշակման փուլում է:

Դեսպան Նիկոլաս Սխերմերսը շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Այնուհետ նշել է, որ Նիդերլանդները շարունակելու է աջակցել Արդադատության նախարարությանը՝ ծրագրած մեծածավալ բարեփոխումներն իրականացնելու համար: Դեսպանն առաջարկել է քննարկել Հաագայի միջազգային մասնավոր իրավունքի կոնվենցիաների շուրջ ՀՀ-ի անդամակցության հնարավորությունը՝ ընդլայնելու համար իրավական ոլորտում համագործակցությունը:

Գրիգոր Մինասյանն ու դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: