Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով կա ընթացակարգ՝ նախագիծը կառավարության ներսում քննարկվելու, հաստատվելու, ԱԺ ուղարկվելու. շատ պարզ պարտադիր պայմաններից մեկն այն է, որ պետք է կարծիք տան Արդարադատության ու Ֆինանսների նախարարությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Ես ծանոթացել եմ այդ եզրակացություններին, ինձ մոտ տարօրինակ տպավորություն է առաջանում առ այն, որ Արդարադատության նախարարությունը, որ տվել է այդ փորձագիտական եզրակացությունը, ինչու են այդպես մատների արանքով նայել, ժամանակ չունե՞ն, թե՞ լուրջ չեն վերաբերվում։ Դիտողություններ ու առաջարկություններ, իհարկե, կան, բայց նախագիծը հասնում է ԱԺ ու պարզվում է, որ նախագիծը էական մասով Սահմանադրությանը հակասող դրույթներ ունի։ Սենց փնթի ձևով նախագծերը շրջանառվում են, կառավարությունը կնիքը դնում է վրան, ուղարկում այստեղ։ Ես հո չեմ ուզում ձվի մեջ մազ ման գամ»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքից՝ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը բորբոքվեց՝ ասելով․

«Փնթին ո՞րն է, չհասկացա, բառերը ճիշտ ընտրեք»։

Թադեւոս Ավետիսյանն էլ արձագանքեց. «Այ քեզ բան, այսինքն Դուք ինձ պետք է բառեր տաք, ես նախադասություն կազմե՞մ, էդ ո՞նց կարա տենց լինի»։