Եվրոպական դատարանը գործերի ցանկից հանել է «Արարատ Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Արա Ղարագյոզյանից:

Նշենք, որ Արարատ Խանդոյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերին կալանավորվել էր, հայաստանյան ատյաններում կայացրած որոշումների դեմ հայց էր ներկայացրել ՄԻԵԴ:

«Եթե Կառավարությունը հաշտության համաձայնագիը կնքել է, դա նշանակում է, որ ինքն ընդունում է, որ խախտում է տեղի ունեցել: Այն հարցն էլ էինք բարձրաձայնել, որ պետք է դատավորներին պատասխանատվության ենթարկելու հարց առաջանա, ցավոք, տեսանք, որ Մնացական Մարտիրոսյանի պաշտոնն ավելի բարձրացրին»,- ասաց փաստաբանը:

Արա Ղարագյոզյանի խոսքով՝ դատավոր Մարտիրոսյանը մեղադրյալին առանց դատարան բերելու որոշում էր կայացրել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնել ամփոփոխ: 

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 27-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Արարատ Խանդոյանին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: