Ադրբեջանի ներքին գործերի նախարարության թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչությունը «հատուկ գործողություն է իրականացրել հանցավոր խմբավորման անդամների ձերբակալման ուղղությամբ, որը թմրանյութեր Է մատակարարել Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջան եւ վաճառել դրանք»։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ն, ձերբակալվել են կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներ՝ պայմանական «Փյունհան», «Բաբա», «Պեյման», «Արազ» եւ այլ անուններով, որոնք մաքսանենգ ճանապարհով Իրանի Իսլամական Հանրապետությունից Ադրբեջան են տեղափոխել մեծ քանակությամբ թմրամիջոցներ՝ երիտասարդներին ներգրավելով թմրակուրիերների ցանցում:

«Վերջին 20 օրվա ընթացքում Բաքվում եւ շրջաններում թմրանյութերի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված մի շարք գործողությունների ընթացքում ձերբակալվել են ապօրինի գործունեությամբ զբաղվող 36 մարդ, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 114 կգ թմրանյութ, հոգեմետ նյութեր, էքստազի եւ մեթադոնի 3000 հաբեր, էլեկտրոնային կշեռքներ։ Նշված անձանց հետ միասին ձերբակալվել եւ քննությանն է հանձնվել եւս 30 մարդ, որոնք զբաղվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նրանց թվում են եղել Փանահ Գուլիեւը, Ջեյհուն Աբդուլաեւը, Անար Ասքերլին, Քյամրան Նազարլին, Հայալ Խալիլովը, Քյանան եւ Քյամրան Ասլանովները: Փաստի առթիվ հարուցվել են քրեական գործեր»,-մեջբերում են ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ այսօր ՆԳՆ-ն «իրանցի լրտեսների» որոնման մեկ այլ ակցիա է իրականացրել։