ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձավ նրան, որ կոռուպցիոն գործարքների հետ կապված տեղեկություններ են շրջանառվում, որտեղ շոշափվում են, մասնավորապես, Ալեն Սիմոնյանի եղբոր, Տիգրան Ավինյանի, Հրաչյա Հակոբյանի, Սուրեն Պապիկյանի անունները:

«Որտեղ որ Աղազարյան Հովիկի որդին կամ մտերիմը, կամ Ալեն ՍԻմոնյանի եղբայրը, կամ որեւէ այլ պաշտոնատար անձի հարազատները պետք է ինչ-որ մրցույթի կամ տենդերի մասնակցի, ապա այդտեղ անպայման կոռուպցիոն ռիսկ կա, հնարավոր չի չլինի: Խնդիրն այն է, թե արդյոք այդ կոռուպցիոն ռիսկը վերածվում է կոռուպցիոն գործարքի կամ իրողության, թե ոչ: Այստեղ մեծ դեր ունեն ինչպես լրագրողները, այնպես էլ իրավապահ մարմինները, որոնք պետք է ճշտեն, թե արդյոք կոռուպցիոն ռիսկը վերածվել է կոռուպցիայի, թե ոչ: Բայց արգելել բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներին մասնակցել նմանատիպ գործընթացների, չեմ կարծում, որ ճիշտ է»,-ասաց պատգամավորը:

Նա վստահ հայտարարեց, որ Հայաստանում համակարգված կոռուպցիա չկա. «Կարող է պատահել, որ արտաքուստ այդպիսի դրսեւորումներ Երեւան, կարող է պատահել նաեւ, որ որոշ պաշտոնյաներ գնան այդ քայլին, ես դա չեմ բացառում, բայց այստեղ կարեւորն այն է, թե ինչ վերաբերմունք ունի բարձրագույն իշխանությունը այդ դրսեւորումների նկատմամբ: Այդ վերաբերմունքը հստակ է ու միանշանակ: հովանավորչություն այդ իմաստով բացառված է:

Բնականաբար, եթե ԱԺ նախագահի եղբայրը որպես տնտեսվարող սուբյեկտի ղեկավար մասնակցում է ինչ-որ մրցույթի, ապա պարզ է, որ այդտեղ հարցեր կառաջանան: Կարեւորն այն է, թե ոնց են այդ հարցերը լուծվում: Դուք տեսնում եք, որ մրցույթներ են շահում մեր հակառակորդ քաղաքական գործիչների ընտանիքների անդամները, եւ մենք այստեղ ավելի շատ քննադատություն ենք ստանում նաեւ մեր թիմակիցների կողմից, քան հակառակ կողմից»:

Հարցին, թե այդ դեպքում ինչու նույն տրամաբանությունը չէր աշխատում նախկին իշխանությունների  պարագայում, եւ նրանց բոլորին թալանչի ու կոռուպցիոներ էիք կոչում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Մենք հիմա դեպքեր ունենք, որ տնտեսվարող սուբյեկտները շահելով մրցույթը, այս կամ այն դեպքում, աշխատանքը կատարելուց հետո, ներկայացել են համապատասխան ղեկավար մարմնին եւ առաջարկել են նախկինում որոշված չափով գումարի տեսքով «շնորհակալություն» հայտնել կամ ատկատ տալ:  Այդպիսի բաներից մենք տեղյակ ենք, որ եղել է: Հիմա դուք կարո/ղ եք մի դեպք հիշեցնել նախկին իշխանությունների ժամանակ, որ խոշոր տենդեր շահի ոչ իշխանական թիմի հետ փոխկապակցված մարդը: Չեք կարող: Ուզո՞ւմ եք 20 դեպք թվարկեմ, որ խոշոր տենդերներ են շահել մեր մեղմ ասած, քաղաքական հակառակորդների մերձավորները: Մենք ընդհակառակը, ասում ենք՝ օրենքներն այնպես անենք, որ շարքային, սկսնակ գործարարները կարողանան մտնել դրա մեջ: Հիմա եթե Ալեն Սիմոնյանի եղբայրը նշանակվել է քիչ թե շատ կայացած ընկերության տնօրեն եւ մասնակցում է մրցույթի, դա դեռ ոչինչ չի նշանակում»:

Քննադատությանը, թե 2018-ին իշխանության եկածներից շատերը նախկինում որեւէ տեղ չէին աշխատել, հայտարարագրերը զրոյական վիճակում էին, իսկ հիմա տեսնում ենք, թե ինչ ահռելի կապիտալի տեր են դարձել, Աղազարյանն ասաց. «Այստեղ էլ կա կոռուպցիոն ռիսկ, եւ շատ լավ կլինի, որ օրինակներով խոսենք, թե ինչ է եղել հայտարարագրում, ինչ է դարձել հիմա: Եթե դուք գիտենք այդպիսի օրինակ, ասեք, ես ինքս կդիմեմ նույնիսկ իմ ընկերոջ համար համապատասխան մարմիններին, թող պատասխան տան, թե որտեղից 3-4 տարվա ընթացքում ինչ-որ ունեցվածք է ձեռք բերել: Դա ինձ համար շատ կարեւոր է»:

Լրագրողի հիշեցմանը, որ հնչում են Տիգրան Ավինյանի, Հրաչյա Հակոբյանի անունները, Աղազարյանն ասաց. «Տիգրան Ավինյանի եւ իր ընտանիքի բիզնես գործունեությունը մինչեւ 2018-ը շատ ավելի ակտիվ է եղել, քան հիմա:

Ինչ վերաբերում է  Հրաչյա Հակոբյանին, եթե ես իմանամ, որ Հրաչյա Հակոբյանը թաթախված է ինչ-որ լուրջ կոռուպցիոն գործընթացի մեջ, ես կհրաժարվեմ իմ մանդատից»:

https://www.youtube.com/watch?v=JJwF1sqON9A