Բարձրագույն դատական խորհրդի կողմից իմ լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը սպասելի չէր, առնվազն դատավորների կողմից այլ գնահատական պետք է տրվեր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Սուրեն Անտոնյանը:

Սուրեն Անտոնյանն ասաց, որ ԲԴԽ որոշումը դեռեւս չեն ստացել, այդպիսով առայժմ զերծ կմնա մեկնաբանելուց, սակայն, նրա գնահատմամբ, Արդարադատության նախարարության կողմից վարույթի հարուցումը եւ ներկայացված միջնորդությունը հիմնավոր չեն. «Մենք տեսել ենք վարույթ հարուցելու մասին Արդարադատության նախարարի որոշումը եւ ԲԴԽ ներկայացված միջնորդությունը, որոնք եղել են թերի եւ առանց հիմնավորման»:

Անտոնյանը նշեց, որ բողոքարկելու է ԲԴԽ-ի որոշումը՝ օգտագործելով իրավական բոլոր հնարավորությունները.

«Եթե հաշվի առնենք, որ այս հարցի վերաբերյալ, դեռեւս ՄԻԵԴ-ի վճռի հիման դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ Դատական օրենսգրքում լրացում կատարելու փուլում առկա են եղել նաեւ միջազգային կառույցների բացասական վերաբերմունքը, ապա կարծում եմ՝ բավականին հնարավորություններ կլինեն դատավորի իրավունքներ պաշտպանելու համար, որովհետեւ հարցը ոչ միայն ինձ է վերաբերում, այլ  բոլոր դատավորներին: Բոլորի վրա էլ այս վտանգը կախված է: 15 տարվա ժամկետը նույնիսկ ծանր հանցագործության դեպքում պատասխանատվությունը բացառող վաղեմության ժամկետ է, որի դեպքում բացառվում է պատասխանատվության  կիրառումը: Րոպեական, կասկածելի խնդիրներ լուծելու համար դատական համակարգը ենթարկում են ցնցումների»:

Նշենք, որ Սուրեն Անտոնյանի լիազորությունները դադարեցվել են, քանի որ Վճռաբեկ դատարանի պալատը վարույթ էր ընդունել նախկինում վերադարձված վճռաբեկ բողոքը։

Անդրադառնալով Արդարադատության նախարարարության ներկայացուցչի այն պնդմանը, թե դատավորը դիտավորությամբ է նման որոշում կայացրել, Անտոնյանն արձագանքեց. «Այդ պնդումը հիմնավորելու համար որեւէ լուրջ փաստարկ չի ներկայացվել: Նույնիսկ ՄԻԵԴ-ն է իր վճռում նշել, որ օրենսդրությունը միանշանակ չի եղել, եղել է հակասական: Մեր կարծիքով՝ դա ընդամենը մերկապարանոց հայտարարություն է»:

Անդրադառնալով նիստի ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի ասված խոսքին, թե ժամանակաշրջան էր, երբ եղել է Բաղրամյան 26-ից զանգեր եւ որոշակի գումարի դիմաց որոշում է կայացվել վարույթ ընդունելու մասին, Սուրեն Անտոնյանն ասաց. «Կարեն Անդրեասյանը 2013-ին էլ էր այդպիսի հայտարարություններ անում, երեւի նա ավելի տեղեկացված է թե Բաղրամյան 26-ի ցուցումներից, թե՛ կաշառք տվող-վերցնողներից: Հայտարարությանն այլ արձագանք չունեմ, քանի որ շեշտեց, որ դա ինձ չի վերաբերում»:

Անտոնյանի խոսքով՝ Կարեն Անդրեասյանը չէր կարող անաչառ լինել այդ որոշումը կայացնելիս. «Բացարկի միջնորդությամբ լուրջ հիմքեր էին ներկայացրել։ Կարծում եմ՝ նա տեսնելով թե ինչպես է ներկայացվում այս գործը, միգուցե գուցե ցանկութուն ուներ, որ իր նախագահությամբ տեղի ունենա նիստը, քանի որ շեշտվում է որ առաջին անգամ ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա դատավոր լիազորություններ է դադարեցվում»:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Սուրեն Անտոնյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթ էր հարուցվել՝ 2015 թվականին կայացված «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Նշենք, որ դիմումատուն Կոնդրանով Ամիրխանյանն է, որը գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը բեկանելով Վճռաբեկ դատարանը խախտել է res judicata (կրկին վերանայման ենթակա չլինելու) սկզբունքը եւ գույքից անարգել օգտվելու իր իրավունքը, ինչն էլ հաստատվել է ՄԻԵԴ վճռով։ Գործը վերաբերում է ավելի քան 20 տարի առաջ՝ դեռեւս 1998թ-2004թթ կողմերի միջեւ ծագած հողատարածքային վեճին։ Պատճառն այն է, որ նա նույն քաղաքացիական գործի շրջանակներում վերադարձրել է վճռաբեկ բողոքը՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ, բայց 6 ամիս անց նույն գործով, նույն կողմի վերստին ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել։ Անտոնյանի ներկայացուցիչ, փաստաբան էմիլ Ամիրխյանն էլ նշել է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար ՄԻԵԴ վճիռները՝ որպես առիթ՝ նախատեսվել են միայն օրենսդրական փոփոխություններից հետո, իսկ անձի վիճակը վատթարացնողը նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ։