Հունվարի 29-ին,  նախնական տվյալով զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ զինծառայողը տեղափոխվել է Երեւանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել՝ բաց վիրահատության:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, հունվարի 29-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում եւ տեղափոխվել բուժհաստատություն:

Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել: