Դարեմի համալսարանի եւ Բրյուսելի Ազատ համալսարանի գիտնականները գտել են, իրենց կարծիքով, առաջին ապացույցն այն մասին, որ վիկինգները իրենց շների եւ ձիերի հետ են Բրիտանիա ժամանել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում։

Հնագետներն ուսումնասիրել են կենդանիների եւ մարդկանց մնացորդները, որոնք հայտնաբերվել են Հիթ Վուդի հուղարկավորության բուրգում, որը պատկանել է 9-րդ դարում Բրիտանիա ներխուժած հին վիկինգներին։ Ստրոնցիումի իզոտոպների վերլուծությունը ցույց է տվել, որ մի մեծահասակ մարդ, ձի, շուն եւ խոզ միասին նավով եկել են Սկանդինավիայից եւ մահացել Մեծ Բրիտանիա ժամանելուց անմիջապես հետո:

Արդյունքները նշանակում են, որ վիկինգները ոչ միայն գողացել են կենդանիներին Բրիտանիա ժամանելուն պես, ինչպես նկարագրում են ժամանակակից աղբյուրները, այլեւ նրանց տեղափոխել են Սկանդինավիայից: Բացի այդ, վիկինգները, ըստ երեւույթին, այնքան են գնահատել իրենց կենդանիներին, որ նրանց իրենց հետ ճամփորդությունների են տարել։ Զինվորի մահանալու դեպքում կենդանուն թաղել են նրա հետ թաղման բուրգում: Խոզերը, հավանաբար, աստվածներին են զոհաբերվել:

Ստրոնցիումը շրջակա միջավայրում հանդիպում է ապարների, հողի եւ ջրի մեջ, որտեղից մտնում է բույսեր: Երբ մարդիկ եւ կենդանիները ուտում են այս բույսերը, ստրոնցիումը փոխարինում է նրանց ոսկորների եւ ատամների կալցիումին: Քանի որ ստրոնցիումի հարաբերակցությունը տարբերվում է աշխարհի տարբեր մասերում, իզոտոպների հարաբերակցությունը կարող է որոշել այն վայրը, որտեղ նրանք ապրել են:

Հեղինակները նշել են, որ Բայեի գոբելենը պատկերում է նորմանդական հեծելազոր, որը բեռնաթափում է ձիերին նավից՝ Հասթինգսի ճակատամարտից առաջ: Բայց նրանց ուսումնասիրությունն առաջին գիտական ցուցադրությունն է դարձել այն բանի, որ վիկինգ մարտիկները ձիեր են տեղափոխել այս ճակատամարտից երկու հարյուր տարի առաջ: