Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դրական կպատասխանի ՆԱՏՕ-ին անդամակցության Ֆինլանդիայի հայտին, եթե Հելսինկին համարժեք դիրքորոշում զբաղեցնի։ Նա այս հայտարարությունն արել է TRT հեռուստաալիքի հետ զրույցի ժամանակ։

«Ինչ վերաբերում է Ֆինլանդիային, ապա, ինչպես արդեն ասել եմ, Հելսինկիի հետ գործընթացում մենք մեծ խնդիրներ չունենք։ Եթե Ֆինլանդիան շարունակի մնալ այդ դիրքորոշմանը, մեր պատասխանն էլ համարժեք կլինի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան հավանություն չի տա Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Անկարայի պահանջները բավարարված չեն։ Նրա խոսքով՝ այժմ թուրքերն ավելի շատ պատրաստ են հավանություն տալ ֆիննական, քան թե շվեդական հայտին։ Արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է կատարեն եռակողմ հուշագրի դրույթները։

Մինչ այդ Էրդողանը հնարավոր էր համարել, որ Անկարան Շվեդիայից առանձին դիտարկի Ֆինլանդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտը։