ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի վիզաների սահմանափակումներ է մտցրել «Թալիբան» շարժման ներկայացուցիչների դեմ՝ կապված Աֆղանստանում կանանց հանդեպ խտրական քաղաքականության հետ։ Բլինքենի հայտարարությունը տարածել է պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Այսօր ես «Թալիբան» շարժման ներկայիս կամ նախկին որոշ անդամների, անվտանգության ապահովման ոչ պետական խմբերի անդամների եւ այլ անձանց համար, որոնք Աֆղանստանում պատասխանատվություն են կրում կանանց եւ աղջիկների դեմ բռնաճնշումների հարցում կամ հանցակից են դրանց՝ սահմանափակող քաղաքականության եւ բռնության միջոցով, լրացուցիչ վիզային սահմանափակումներ մտցնելու միջոցներ եմ ձեռնարկում»,- նշված է նրա հայտարարությունում։

ԱՄՆ կառավարությունը վճռականորեն դատապարտում է «Թալիբան» շարժման գործողությունները։ «ԱՄՆ-ն աջակցում է աֆղանստանցի ժողովրդին եւ հնարավոր ամեն բան կանի բոլոր աֆղանստանցիների իրավունքները եւ հիմնական ազատությունները հարգելու, այդ հարգանքը խրախուսելու եւ խորացնելու համար»,- ընդգծվել է փաստաթղթում։

2021թ. իշխանության գալով՝ թալիբները որոշ սահմանափակումներ են մտցրել, որոնք, ըստ նրանց, համապատասխանում են իսլամական արժեքներին։ Մասնավորապես, արմատականները հեռուստահաղորդավար կանանց պարտադրել են հիջաբ կրել, արգելել են դրամատիկական ֆիլմերի ցուցադրումն ու դերասան կանանց մասնակցությամբ հաղորդումները։