Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ավան-Առինջում: ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շնորհակալ եմ շտապօգնության բժիշկներից և ոստիկանության ծառայողներից օպերատիվ արձագանքի համար: Մեր գործընկերներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-հավելել է նա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 33-ամյա Անդրանիկ Հ․-ն եւ 58-ամյա Արայիկ Մ․-ն են:

Նրանցից առաջինի մոտ գրանցվել է «որովայնի ձախ շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշում, երկրորդի մոտ՝ «շեք շրջանի կտրած վերք» ախտորոշում:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 21։00-ի սահմաններում Տաշքենդի փողոցի 2/8 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 40-ամյա Վարդան Դ․-ն իր մոտ եղած դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նշված անձանց, ապա դիմել փախուստի։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ Վարդան Դ․-ին և հանցագործություն գործիք՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Վիրավորները աշխատում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։ Եվ երեկ, կեսգիշերին վիրավորներին է այցելել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։