Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում հաստատեց Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը:

Նախագծի մշակումը պայմանավորված է քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի հետևողականորեն ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի առողջապահության ֆինանսավորման համակարգի գնահատման միջազգային համեմատականները և ծախսարդյունավետ ծրագրերի մասով դիտարկումները ցույց են տալիս, որ համապատասխան ֆինանսական միջոցների պայմաններում առողջապահության համակարգը գործում է արդյունավետ և հնարավորություն է տալիս գրանցել բարելավվող ոչ ֆինանսական ցուցանիշներ՝ կյանքի միջին տևողության աճի, մայրական մահացության, երեխաների մահացության նվազման տեսքով:

Սակայն երբ դիտարկում ենք այն միջոցները, որոնց հաշվին ապահովվում են այդ ցուցանիշները, ապա նկատելի է, որ Հայաստանը ունի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի շատ երկրների համեմատ ցածր պետական ֆինանսավորում՝  վերջին 25 տարիների ընթացքում ապահովելով առողջապահության բնագավառի մասով համախմբված բյուջեի ծախսերի 5.4%-ը կամ ՀՆԱ-ում շուրջ 1,4%-ը, որն առնվազն 4 անգամ պակաս է Հայաստանի հետ միևնույն եկամտային խմբում գտնվող երկրների միջին ցուցանիշներից:

Ֆինանսական մատչելիության ցածր մակարդակը բերել է բժշկական կազմակերպությունների թերի ծանրաբեռնվածությանը և ֆինանսական պատճառներով ոչ աղքատ բնակչության 12,6%-ը, աղքատների 24,5%-ը և ծայրահեղ աղքատների 49%-ը չի հաճախում ԱԱՊ բժշկի:

Տնային տնտեսությունների եկամուտներից առողջապահական ծախսերին 10%-ից ավելին ուղղելու ցուցանիշով (16.1%), Հայաստանը գերազանցում է համաշխարհային (12.7%) և տարածաշրջանային (7.4%) միջին ցուցանիշները: Բնակչության շուրջ 9%-ի մոտ սպառողական ծախսերի ավելի քան 25%-ը կազմում են առողջապահական ծախսերը, որի հետևանքով վերջիններիս շուրջ 6%-ը աղքատանում է՝ ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է տարածաշրջանում:

Միջազգային փորձի տեսանկյունից բազմաթիվ երկրներ վաղուց ներդրել են առողջապահական ծախսերի խառը ֆինանսավորման համակարգ՝ բժշկական պարտադիր ապահովագրություն, և ներկայումս նրանց հիմնական ռազմավարական խնդիրն է համընդհանուր ծածկույթի ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։

ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումն է: Հայեցակարգը պետք է հիմք հանդիսանա առողջապահության նախարարության կողմից իրականացվող համալիր միջոցառումների հայեցակարգային մոտեցումները ամրագրելու, առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքը, այլ հարակից օրենսդրական փոփոխությունները մշակելու և 2024թվականից առողջության համապարփակ ապահովագրության փուլային ներդրումն ապահովելու համար:

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, կյանքի միջին տևողության ավելացումը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:

Առողջապահական ծախսերի փոխհատուցմն ներկա անարդյունավետ մեխանիզմը պատճառ է, որ մենք ոչ թե կանխարգելու, վաղ հայտնաբերում եւ ժամանակին ենք անդրադառնում մեր առողջական խնդիրներին, այլ հետաձգում ենք դրանք մինչեւ «Դանակը ոսկորին հասնի»: Այդ դեպքում ստիպված ենք լինում օգտվել շատ ավելի ծախսատար ծառայություններից եւ միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել բուժման բարենպաստ ելքը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց. «Աշխատանքները կսկսվեն 2023 թվականից, որը կլինի նախապատրաստական փուլը: Առաջին փուլում կունենանք ծառայությունների փաթեթը, կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկվի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք եւ կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափերը:

2024-ից պետպատվերի շրջանակներում բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն եւ նրանց տրամադրվող  բոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը  կնպաստի, որ չունենանք խառը մասնատված համակարգ, որ մի խմբի հասնում է մի փաթեթ, մեկ այլ խմբի մեկ այլ բաթեթ: Երբեմն խառնաշփոթ է առաջանում, որ օրինակ, երկրորդ կարգի հաշմանդամ զինվորականն ինչպիսի ծառայություններից պետք է օգտվի: 

2024-ին կունենանք համապարփակ ապհովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ եւ կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակներում ներառել այլ ցանկացողներին:

2025թ.-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, որոնք ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից։

2027թ.-ին արդեն կլինի պարտադիր ապահովագրական ողջ ծածկույթ ՀՀ ողջ բնակչության համար»: