«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի երկու աշխատակիցներին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167–րդ հոդվածի 2–րդ մասի 8–րդ կետի հատկանիշներով (մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ)։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Օպերատիվ տվյալներ կան, թե ով կարող էր լինել երկու քաղաքացիներին դանակահարողը, ոստիկանությանը հանձնարարություն է տրված հայտնաբերել հանցագործությունը կատարած անձին ու ներկայացնել վարույթն իրականացնող մարմին»,– նշեց Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել էր,  որ ԵԱՍՄ համայնքային հիմնարկի երկու աշխատակից այս գիշեր դանակահարվել են իրենց աշխատանքը կատարելիս, նրանք գտնվում են հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։