Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում լրգրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում: Որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք ունենք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք: Այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, եւ առաջիկայում էլ ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունն ամբողջովին վերականգնելու համար, կիրականացվի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. «Մենք այդ փուլը բարեբախտաբար, հաղթահարել ենք»,-ընդգծեց նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։