Ավստրալիան հինգշաբթի հայտարարել է, որ այլեւս չի թողարկելու բրիտանական միապետի պատկերով թղթադրամներ՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի պատկերը հինգ դոլարանոցների վրա փոխարինելով բնիկների մշակույթին նվիրված մոտիվներով, գրել է AFP-ն։

Ավստրալլիայի կենտրոնական բանկի՝ նոր թագավոր Չառլզ  III-ին հինգ դոլարանոց թղթադրամների վրա չպատկերելու որոշումը նշանակում է, որ Մեծ Բրիտանիայում ապրող միապետները այլեւս չեն ներկայացվելու Ավստրալիայի թղթադրամների վրա։

Ավստրալիայի պահուստային բանկը՝ երկրի կենտրոնական բանկը, խոստացել է խորհրդակցել բնիկների հետ թղթադրամների նոր դիզայնի վերաբերյալ, որը «հարգանքի տուրք է լինելու առաջին ավստրալացիների մշակույթին եւ պատմությանը»։

Բանկում նշել են, որ նոր թղթադրամի ստեղծման եւ տպագրման վրա «մի քանի տարի» կծախսվի։ Գոյություն ունեցող հինգ դոլարանոց թղթադրամն օրինական վճարամիջոց կմնա անգամ այն բանից հետո, երբ նոր թղթադրամները մտնեն շրջանառության մեջ։

Եղիսաբեթ II թագուհու մահն անցած տարվա սեպտեմբերի 8-ին Ավստրալիայում նշվեց որպես հանրային սգո օր, սակայն բնիկների որոշ կազմակերպություններ բողոք հայտնեցին բրիտանական գաղութարարության կործանարար հետեւանքների դեմ եւ կոչ արեցին չեղարկել միապետությունը։

Կենտրոնական բանկը հայտարարել է, որ իր որոշմանն աջակցել է վարչապետ Էնթոնի Ալբանեզեի ձախակենտրոն լեյբորիստական կառավարությունը։ Ալբանեզեն կողմ է միապետության հնարավոր չեղարկմանը եւ Ավստրալիան հանրապետություն հռչակելուն։

Կենտրոնական բանկի որոշումը ողջունել է Ավստրալիայի հանրապետական շարժումը, որը նշել է, որ Ավստրալիայի բնիկներն այստեղ ապրել են 65 000 տարի՝ բրիտանացիների կողմից Ավստրալիայի բնակեցումից շատ առաջ։