Աբսուրդ է այն, որ քննարկվելու է Սեյրան Օհանյանի հարցը ու ներկայացվել է մի միջնորդություն, որին ինքը փաստորեն իրավունք չունի ծանոթանալու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Գլխավոր դատախազի կողմից Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ ԱԺ նախագահին ուղարկված միջնորդությանը, ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Թե ինչու է գաղտնի, այդ որոշումը կայացնողը քննչական մարմիններն են ու ԱԱԾ-ն։ Սա հերթական, մամուլում շատ հայտնի դեպքերից մեկն է, որտեղ նորից փորձ է արվում մեղք բարդել հաղթած բանակի գեներալի, նախկին պաշտպանության նախարարի վրա։ Սա ակնհայտ, ոչ միայն իրավական առումով անգրագիտություն է, նաև քաղաքական առումով ուղղորդված քայլ։ Եթե այս գործի միայն քրեաիրավական մասը նայենք, ապա մեղադրանքը չի բավարարում նույնիսկ նվազագույն պահանջներին: Ներկայացված է ձեւակերպում, որ ապացույցների ամբողջական,համակողմանի, փոխլրացնող ձեւակերպումներով, որով իբր հաստատված է համարվել Սեյրան Օհանյանի կողմիցհանցագործության կատարումը: Այն էլ ոչ ավել, ոչ պակաս, հանցակիցների հսկայական կազմով: Մեղադրում են, որ իբր «Դողագգործ» ընկերության մի շարք անշարժ գույքեր հափշտակության միջոցով այլ անձի սեփականությունը դարձնելու նպատակով ձեռնարկել է ապօրինի գործողություններ: Այդ գույքերը, որոնց մասին խոսվում է, որոնց արժեքը 1,3 մլր դրամ է, որը ձեռք է բերել ՊՆ-ն՝ հետագայում8,5 մլրդ դրամով վաճառելու մասնավոր անձին, երբ մեղադրանքը կարդու ես աբսուրդ է»,- ասաց Մինասյանը։

Խոսելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական վարույթից, Մինասյանը այն ևս իրավական առումով անգրագիտություն որակեց՝ համարելով հստակ քաղաքական ուղղորդում ունեցող գործ։

«Այն կապված է՝ «Հաց բերողի» գործի հետ, որ իբր թե կեղծ բժշկական եզրակացություն է տվել։ Արմեն Չարչյանը եղել է փորձագետներից մեկը, շարժվել է կարգավորումների համաձայն և քննիչի տված հանձնարարականների շրջանակներում։ Այդ գործին, որ ծանոթանում ես, որևէ մեկը չկա, միայն Չարչյանն է, ամբողջ գործի մեջ նա այն սև կերպար է, որի եզրակացությունը իբր պատճառ է դարձել նման ծանր հետևանքի»,- ասաց Արծվիկ Մինասյանը։