Ձմեռային պահպանման ժամանակաշրջանը մեկնարկում է նոյեմբերի 15-ից և շարունակվում է մինչև մարտի 31-ը։ Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները հնարավոր է մաքրել, երբ ձյան շերտի հաստությունը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով, ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակահատվածում գործընթացը կատարվում է պարբերաբար։

Երբ ջերմաստիճանը նվազում է -7 С°-ից, աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը և աղ-ավազային խառնուրդն ավելի ուշ է ներգործում։ -7С° և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում օգտագործվում են ավազ և խարամ, որոնց տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկույթին։

Հետևելով եղանակային կանխատեսումներին՝ հնարավոր է որոշակիորեն կանխարգելել ճանապարհի սառցակալումը, սակայն հնարավոր չէ որոշել տեղումների քանակը։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալչել։

Բքի ժամանակ ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն արդյունավետ չեն, քանի որ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի այդ, բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։

Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևել բոլոր հրահանգներին։ Այդպիսով ավելի արագ և դյուրին կիրականացվեն ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքները։