Այն, որ Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից ասպարեզ է նետում մի թեզ ու բոլորով սկսում են այդ թեզը պաշտպանել, սա կասկած է հարուցում: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Ազատ գյուղում գտնվող զինվորների կացարանի ողբերգական հրդեհին, որին զոհ գնաց 15 զինվոր:

«Քննությունը չավարտված, գոնե ակտիվ փուլ չմտած, ո՞նց են իրենց իրավունք վերապահում նման մեղադրանքներ հնչեցնելու:

15 զինվոր մի գիշերվա մեջ մոխրացնել ու սրա համար գլուխ չխոնարհել, ներողություն չխնդրել, սրա համար գլուխները պատով չտալ, ելել անընդհատ հիմար թեզեր մեջտեղ բերել, սա խոսում է այն մասին, որ էս մարդկանց համար ոչ միայն օրինականությունն է ոչ մի բան, այլև մարդկային արժեք, կյանք, հայրենիք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված դեպքի վերաբերյալ հնչող հայտարարություններում առկա հակասությունները, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. Հավանաբար որոշ անձանց կաշիները փրկելու անմոռաց ձգտումով: Ի՞նչ է նշանակում Սուրեն Պապիկյանի կամ Նիկոլ Փաշինյանի պահվածքը, որ մի անգամ դեպքի վայր չեն այցելում, ընտանիքներին չեն այցելում: Ի՞նչ բարոյական ու քաղաքական իրավունք ունեն սրանք անընդհատ ինչ-որ մարդկանց մեղադրել»:

Նա նշեց, որ ընդդիմադիր գործիչները փորձ արել են այցելել դեպքի վայր, բայց իրենց մուտքն արգելել են: «Ի դեպ, հիմա էլ մեր պաշտպանության հանձնաժողովի անդամները ցանկություն ունեն զորակոչային շրջափուլում գնալ, ծանոթանալ, օգնել, օժանդակել, մերժումներ ենք ստանում: ՊՆ-ն մերժում է»,-ասաց Մինասյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։