Տյուբինգենի համալսարանի հնագետները պարզել են Հին Եգիպտոսում զմռսման համար օգտագործվող նյութերի քիմիական բաղադրությունը եւ ծագումը. որոշ բաղադրիչներ բերվել են հեռվից: Հետազոտությունը հրապարակված է Nature ամսագրում:

2016 թվականին հնագետների միջազգային խումբը հայտնաբերել էր Կահիրեից դեպի հարավ՝ Ունիսի բուրգի մոտ զմռսման ստորգետնյա արհեստանոց։ Այնտեղ հայտնաբերվել են ավելի քան  2500 տարեկան մոտ հարյուր կերամիկական անոթներ։ Որոշների վրա  հրահանգներ էին նշված՝ «դնել գլխին» կամ «փաթաթել», իսկ մյուս անոթների վրա տարբեր նյութերի անուններ էին նշված։

Գիտնականները անալիզի են ենթարկել նյութերի մնացորդները, որոնցով պատված էին 31 անոթների պատերը։ Դրանց թվում եղել է էլեմի ծառի խեժը (Canarium luzonicum), որն աճում է Ֆիլիպիններում։ Անոթներում եղել է նաեւ մեղրամոմ եւ պիստակի խեժ։ Գիտնականները զարմանալի են համարում, որ զմռսման վարպետները աշխատում էին բարդ առեւտրային ցանցերի հետ  հեռավոր երկրներից բաղադրամասեր ստանալու համար։