Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ չունի ՄԻ պաշտպանի թեկնածու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Քննարկումներ եղել են, որքան ինձ հայտնի է՝ քննարկումները շարունակվում են, այս պահի դրությամբ որոշում դեռ չունենք։ Եթե այդ որոշումը կայացվի, այդ մասին պատշաճ կերպով կտարածվի հաղորդագրություն։ Բավական լայն շրջանակ կա թեկնածուների, չեմ կարող բոլորի անունները հերթով տալ»,–ասաց Ջուլհակյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ՄԻՊ–ի պաշտոնը կարող է զբաղեցնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Ջուլհակյանը, սակայն, չմեկնաբանեց, թե շրջանառվող անունների` այդ թվում իր թեկնածությունը քննարկվում է, թե ոչ։ Ավելին, պատգամավորը նշեց, թե առաջին անգամ է լսում, որ իր անունն էլ է շրջանառվում որպես ՄԻ պաշտպան։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՄԻՊ-ի պաշտոնում նշանակվի ՔՊ-ական մեկը՝ կուսակցությունից դուրս գալու դիմում գրելով, պատգամավորը պատասխանեց. «Կապրենք, կտեսնենք, ես առաջարկում եմ չշտապել»:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Որոշումը, ըստ որոշ տեղեկությունների, կապված է Բարձրագույն դատական խորհուրդ տեղափոխելու հետ։ Գրիգորյանը պաշտոնավարեց մեկ տարի, նա նշանակվել էր 2022 թվականի հունվարի 24-ին Արման Թաթոյանի լիազորությունների ավարտից հետո։

Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրեցին, որ Քրիստինե Գրիգորյանը կարող է գլխավորել նոր կազմավորվող արտաքին հետախուզության ծառայությունը։