Իմ կարծիքը միշտ այն է եղել, որ ընդդիմության մասնակցությունը ԱԺ-ի եւ ԱԺ հանձնաժողովների նիստերին ու աշխատանքներին ավելի լավացնում է աշխատանքի որակը: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում նշեց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:

Վերջինս արձագանքեց. «Պարոն Թունյան, միանշանակ էդպես է, բայց դա ընդամենը հայտարարությունով չի, անցնող 1,5 տարվա ընթացքում մենք ունեցել ենք դեպքեր, երբ բոյկոտել ենք խորհրդարանի աշխատանքը, դեպքեր, երբ առաջարկություններ ենք ներկայացրել, երբ նիստերին ենք մասնակցել: Երբ ձեզ ձեռ ա տվել, երբ ուզել եք, դակել եք ձեր բերած օրենքները, առաջ եք գնացել: Ե՞րբ եք նայել ընդդիմության այս կամ այն առաջարկին, երբ եք այդ առաջարկը քննարկել, երբ եք ընդդիմության կողմից բերած որեւէ նախագիծ, բացառությամբ մեկի, ընդունել: Երբ եք այդ ոճով աշխատել, որ հիմա այսպես խոսում եք»:

Բաբկեն Թունյանն էլ ասաց. «Ես ոչ ձեր գործունեությանը կարող եմ ուղղորդել, թող ձեր ընտրողները գնահատեն, պահանջեն: Դա ձեր իրավունքն է, մենք էլ իրավունք ունենք ձեր բերած օրենքներին կողմ կամ դեմ քվեարկել: Այդտեղ որեւէ մեկը որեւէ մեկի գործողությունները բանի տակ դնելու հիմք չունի: Մենք օրենքները չենք դակում, քվեարկում ենք, եւ քվեարկում ենք այնպես, ինչպես նպատակահարմար ենք գտնում, ինչպես նաեւ դուք»: