Տաթեւ բնակավայրից Սատանի կամուրջ տանող հատվածը, որը գրունտային էր եւ կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, հիմա անցանելի է եւ խցանումներ չեն լինում այդ հատվածում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը։

«Եղանակային պայմանները լավ են, խնդիր չկա, այդ հատվածը բարեկարգվել էր,  թերությունը վերացված է, իհարկե դա ժամանակավոր է, բայց վերջնական սարքելու են, երբ եղանակները տաքանան։ Իրանից եկող –գնացող բեռնատարները շարունակում են երթեւեկել այդ հատվածով, խցանումներ, խնդիրներ չեն առաջանում»,– նշեց Սամվել Լալայանը։

Ցուրտ եղանակի պատճառով, ըստ Տաթեւ համայնքի ղեկավարի, այժմ նորոգման աշխատանքներ չեն կատարվում այդ հատվածում ու Տաթեւ-Լծեն, Շամբ-Լծեն հատվածներում։

2022 թվականի նոյեմբերի 17–ին՝ Կառավարության նիստին, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել էր, որ Տաթեւ-Լծեն 20 կիլոմետրանոց ճանապարհի 17.8 կիլոմետրը արդեն ասֆալտապատ է, իսկ Շամբ-Լծեն հատվածում 6 կմ նորոգելու կարիք կա։

Ի պատասխան վարչապետը նշել էր, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի ձմռանն Իրանից եկող կամ Իրան գնացող բեռնատարները կարողանան այդ ճանապարհով երթեւեկեն, այսինքն` շրջանցեն Տաթեւի ոլորանները։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից NEWS.am-ին հայտնեցին, որ Լծեն-Շամբ եւ Տաթեւ-Լծեն ճանապարհահատվածների հիմնական մասն արդեն ասֆալտապատված է եւ ճանապարհն անցանելի է բոլոր տեսակի մեքենաների համար։

«Լծեն-Շամբ ճանապարհը շուրջ 6 կմ է, Տաթեւ-Լծենը՝ 20 կմ: Շամբ-Լծենում 6 կմ-ից 5 կմ-ն ասֆալտապատ է, 1.2 կմ-ն նախապատրաստական փուլում է, առաջիկայում կասֆալտապատվի։ Իսկ Տաթեւ-Լծենի 20 կմ-ից շուրջ 19 կմ-ն ասֆալտապատ է, մյուս հատվածներում խիճը տեղադրված է, բոլոր տեսակի մեքենաների համար անցանելի է ճանապարհը»,– հայտնեց Ճանապարհային դեպարտամենտի hասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Գրիգորյանը։