Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը միացել է «Զանգեզուրի միջանցք» պահանջողներին։

Զանգեզուրի միջանցքի բացումը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, հայտարարել է Աքարը Կարսում «Ձմեռ-2023» զորավարժությունների փակման արարողության ժամանակ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Ելույթ ունենալով ճեպազրույցում՝ Աքարն ընդգծել է «համատեղ քայլերի կարեւորությունը, որոնք ուղղված են տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում խաղաղության եւ կայունության ապահովմանը»: Զորավարժություններին հետեւել են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովը եւ Ջուանշեր Բուրչուլաձեն: «Ձմեռ-2023»-ին մասնակցում են 17 երկրների զինծառայողներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ադրբեջանը եւ Ղազախստանը։  

Հիշեցնենք, որ «Զանգեզուրի միջանցքը» ասելով նկատի ունեն Հայաստանի Սյունիքի մարզով անցնող միջանցքը։ Պաշտոնական Երեւանը միանշանակ հայտարարել է, որ արտատարածքային միջանցք չի լինելու։