Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է միանալ Ռուսաստանի դեմ առաջիկա հաղթանակին, թեեւ պատերազմի սկզբում անտեսել է համատեղ պայքարի կոչերը։

Այս մասին Դանիլովը հայտարարել է «Единые новости» հեռուստամարաթոնի եթերում՝ մեկնաբանելով Bloomberg-ի հետ զրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից արված հայտարարությունն այն մասին, որ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ապագա դիվանագիտական կարգավորումը պետք է ներառի Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման հարցը»։  

«Այսօր ես լսել եմ Վրաստանի նախագահի հայտարարությունը, որը կարծում է, որ երբ մենք Ռուսաստանի հետ ինչ-որ խաղաղ համաձայնագրեր կստորագրենք, մենք պետք է այնտեղ ընդգրկենք Աբխազիան՝ Վրաստանի մի մասը, որը ՌԴ-ն օկուպացրել է 2008 թվականին»,-հայտարարել է Դանիլովը։

Նրա խոսքով՝ «Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբում ինքը կոչ է արել Վրաստանին օգնել եւ միասին պայքարել ագրեսոր երկրի դեմ»։ «Սակայն այդ ժամանակ Վրաստանը՝ ի դեմս այդ նույն անձանց, լռել է»,-ասել է Դանիլովը։