Ռուսաստանը կողմ է Անդրկովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Մենք ավանդաբար հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման օգտին, կարեւոր ենք համարում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն ապահովելը»,- հինգշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ ասել է ՌԴ կառավարության ղեկավարը։

Միշուստինը նշել է, որ «նոր տրանսպորտային եւ ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը բխում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից»։

Փաշինյանն իր հերթին ուշադրություն է հրավիրել Լաչինի միջանցքի խնդրի վրա՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է զարգանում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ «Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ոլորտում առանցքային գործընկեր է», նշում է լրատվամիջոցը։