Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է Հայաստանի հետ առեւտրում ռեկորդային ցուցանիշի մասին՝ առաջարկելով նոր նախագծեր սկսել եւ հայ գործարարներին հրավիրելով ավելի ակտիվ աշխատել ռուսական շուկայում, հաղորդում է «Интерфакс»-ը։   

«Կառավարությունների մակարդակով ակտիվ աշխատանք է տարվում առեւտրատնտեսական փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ, եւ, չնայած բարդ արտաքին կոնյունկտուրային, մեր համագործակցությունը հաջողությամբ զարգանում է»,-ասել է նա հինգշաբթի Ալմաթիում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: 

Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ առաջատար արտաքին առեւտրային գործընկերն է եւ գլխավոր ներդրողը։ «2022 թվականի հունվար-նոյեմբերին ապրանքաշրջանառությունն աճել է 77 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այն գերազանցել է 4 մլրդ 100 մլն դոլարը, ինչն այսօրվա դրությամբ ռեկորդ է մեր փոխադարձ առեւտրում»,-արձանագրել է Ռուսաստանի վարչապետը։

«Կուտակված ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2 մլրդ դոլար, ավելի քան 40 առաջատար ռուսական ընկերություններ աշխատում են հայկական շուկայում, Հայաստանի խոշորագույն հարկատուների շարքում են»,-հավելել է Միշուստինը:

«Առաջարկում ենք ավելի ակտիվ գործարկել նոր համատեղ նախագծեր»,-Փաշինյանին է դիմել ՌԴ վարչապետը։

Նրա կարծիքով՝ նախագծերը կարող են վերաբերել արդյունաբերական ինտեգրմանը, խաղաղ ատոմին, էներգետիկային, տրանսպորտին, լոգիստիկային, թվային տեխնոլոգիաներին։ «Հայ գործարարներն այժմ հիանալի հնարավորություններ ունեն մեր շուկայում աշխատելու համար՝ կապված ոչ բարեկամական պետությունների հեռանալու հետ»,-կարծում է Միշուստինը։

Նա հստակեցրել է, որ նկատի ունի ոչ միայն խոշոր բիզնեսը, այլեւ փոքր եւ միջին ձեռնարկությունները։

«Մենք ունենք նոր դինամիկա առեւտրատնտեսական հարաբերությունների եւ փոխադարձ առեւտրի ոլորտում, մենք ունենք շատ լավ, մեծ աճ»,-համաձայնել է ՀՀ վարչապետը։ «Տնտեսության ոլորտում մեզ մոտ ամեն ինչ լավ է»,-հավելել է նա։

Նա շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ծագող հարցերի օպերատիվ լուծման համար։

«Մենք անկեղծորեն գնահատում ենք Հայաստանի հետ դաշնակցային եւ գործընկերային հարաբերությունները։ Մեր երկրներին կապում են եղբայրական հարաբերությունները, որոնք հիմնված են ռուս եւ հայ ժողովուրդների պատմական բարեկամության վրա»,-վստահեցրել է Միշուստինը։

Նա հավելել է, որ «ավանդաբար հատուկ նշանակություն է տրվում կրթության ոլորտին, ռուսական բուհերում սովորում է մոտ 5 հազար հայ ուսանող, առաջիկա ուսումնական տարվա համար հատկացվել է 250 կրթաթոշակի քվոտա ՌԴ կառավարության գծով»:

Ռուսաստանի վարչապետը Փաշինյանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները: